Աչքեր հանելու և կաշի քերթելու օպերացիան շարունակվում է

9511

Lurer.com-ը գրում է.



Ինչպես մյուս քաղաքական ուժերն, այնպես էլ ՕԵԿ-ը, նախընտրական պայքարի փուլ են մտել։ Կուսակցության նախագահ, բոլոր իշխանությունների սպասարկու Արթուր Բաղդասարյանը մի քանի ամիս է՝ «բնակություն» է հաստատել Ֆեյսբուքում: Նրա վերջերս որդեգրած քաղաքականության շուրջ  ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ:

«ՕԵԿ-ն ակտիվացրել է իր աշխատանքները, քանի որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, որի մասին բոլորն են խոսում, այդ թվում՝ նոր իշխանությունը: ՕԵԿ-ը նախընտրական աշխատանքներ է կատարում, այս ընթացքում մի շարք հանդիպումներ, քննարկումներ են տեղի ունենում: ՕԵԿ-ում խժդժություններ չկան: Կուսակցութունները կենդանի մարմին են. մեկը կարող է գնալ, մյուսը՝ գալ, ես սա բնականոն եմ հարում: Կուսակցությունը համալրվում է նոր կուսակցականներով, եղել են մի քանիսը, որ ցանկություն չեն ունեցել շարունակելու, սա ևս նորմալ է»,- ասաց Բիշարյանը:

Անդրադառնալով Արթուր Բաղդասարյանի նոր գործելաոճին, ըստ որի՝ վերջինս ֆեյբուքյան իր էջում «լայվերի» միջոցով խոսում է այս կամ այն թեմայի շուրջ կամ պատասխանում է քաղաքացիների հարցերին, որով, ինչ խոսք, «թխում է» հեղափոխանների ու իշխանության ներկայացուցիչների ոճը, Բիշարյանը նկատեց. «Արթուր Վահանիչի «լայվերին» լավ եմ վերաբերում, դրանք ուղիղ կապ են ապահովում քաղաքացիների հետ: Նա քաղաքական գործիչ է, իսկ ակտիվությունը ժողովրդի հետ աշխատելու, շփվելու՝ յուրաքանչյուր գործչի պարտականությունն է: Ուղիղ կապը հնարավորույթուն է տալիս ավելի շատ մարդկանց հետ խոսել, լսել և կուտակել ազգաբնակչությանը հուզող խնդիրները, ինչն էլ թույլ կտա այդ հենքի վրա ձևավորելու մեր նախընտրական ծրագիրը, հետևաբար, կկարողանանք գործել ի նպաստ ժողովրդի»,- ասաց նա:



Վերջին շրջանում նկատելի է նաև, որ Արթուր Բաղդասարյանը պարբերաբար լուսանկարներ է հրապարկում տարբեր մարզերից՝ Շիրակից, Լոռիից: Դիտարկմանը, թե նոր իշխանության ձեռագի՞րն է որդեգրել Բաղդասարյանը, Բիշարյանը պատասխանեց.  «Նախկինում հնարավորություն չի եղել հրապարակելու այն, ինչ անում ես, բայց այսօր ֆեյսբուքը թույլ է տալիս: Ոչ միայն Արթուր Բաղդասարյանը, այլև ժողովուրդն, այդ հանդիպումներից լուսանկարներ են տեղադրում ֆեյսբուքում և կիսվում իրենց տպավորություններով: Եկեք չտարանջատենք ոչ մեկին. բոլորն այսօր ֆեյսբուքում են և ֆեյսբուքի միջոցով էր, որ մեր երկրում տեղի ունեցան հեղափոխական գործընթացներ: Այն լայն դաշտ է և մեծաթիվ քաղաքացիների կարողանում ես իրազեկել այն, ինչ ուզում ես»,- նշեց նա:

Մեկնաբանելով Բաղդասարյանի՝ վերջերս աղմուկ հանած հայտարարությունը, թե հավակնում է 49+1 տոկոսի, ինչն արժանացավ և՛ քննադատության, և՛ գովեստի, վերջինի դեպքում ընդգծվեց հանգամանքը, որ նախորդ ընտրություններում պարտությունից չի կոտրվել, Բիշարյանը նշեց. «Ինձ համար բարձր գնահատանքի է արժանի, երբ քաղաքական գործիչը անկոտրում կամք ունի: Սա այն հաղթաթուղթն է, որ 20 տարի շարունակ քաղաքական դաշտում ստանալով բազմաթիվ հարվածներ՝ մենք ոտքի կանգնած ենք մնացել: Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից մեզ հարվածել են: Նա իրապես ուղնուծուծով քաղաքական գործիչ է, մեկ անգամ էլ մեր վարչապետն ասաց, որ Արթուր Բաղդասարյանը 4-րդ դասարանից է քաղաքականությամբ զբաղվել: Տա Աստված՝ նոր իշխանությունը, նոր ձեռաագիրը, նոր ժամանակները նրան հնարավորություն տան, որպեսզի կարողանա իրագործել իր բոլոր ծրագրերը և մեր երկիրը փոսից հանել, որովհետև մի ձեռքը ծափ չի տալիս. երկրում պետք է լինեն իրար թիկունքի կանգնած քաղաքական ուժեր, որպեսզի երկիրը կառուցվի:

Մենք նոր իշխանությունների կողքին կանգնել և մշտապես աջակցել ենք, որպեսզի ինչ-որ բան վերափոխվի: Սռաջիկա ընտրությունները հնարավորույթուն կտան համագործակցելու և նոր Հայաստան կառուցելու: Կարծում եմ՝ իրենց նպատակն էլ է դա և արդեն իսկ տեսանելի է ձեռագիրը: Մենք էլ ապացուցել ենք՝ այն քաղաքական ուժերից ենք, որը կարող է երկիրը տանել առաջ»,- նշեց ՕԵԿ-ի փոխնախագահը:

Նկատենք, որ կուսակցության  փոխնախագահը շարունակում է իր՝ բիշարյանական կույր ֆանատիզմը կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդեպ: Մեզ հետ զրույցում նա պատեհ առիթը բաց չթողեց գովերգելու «ամենաարթուր Բաղդասարյանին»: Ինչպես միշտ՝ այս անգամ ևս նա ընդգծեց, որ շարունակում է լինել վերջինիս զինվորը և պատրաստ է հանուն նրա՝ իր մատներով աչքեր հանել:

«Դա այդպես է և այդպես էլ լինելու է: Այո՛, ես նրա զինվորն եմ: ՄԵզ ընդունող-չընդունողները հաշվի են նստում այն փաստի հետ, որ ՕԵԿ-ի նախագահը գրագետ, բանիմաց քաղաքական գործիչ է, ով ունի ներուժ: Սա փաստ է: Ես կանգնել եմ նրա կողքին, և ես, այո՛, ողջ կյանքում, որքան որ ՕԵԿ-ը պայքարներ ունենա՝ Հեղինե Բիշարյանը իր հնարավոր լուման պետք է ներդնի դրա մեջ»,- եզրափակեց Բիշարյանը:

Սոնա Հարությունյան

Մեկնաբանիր քո ֆեյսբուքյան էջով